Լարսի մաքսակետը դժվարանցանելի է դառնում ձմռան ընթացքում, անձրևների ժամանակ, երբ քարաթափումներ են լինում և ամռանը` հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան մեծանում է տուրիստների հոսքը: Ինչու չէ, նաև ավելանում է տարածաշրջանի երկրների ապրանքաշրջանառությունը` հատկապես Հայաստանի ԵԱՏՄ անդամագրվելուց հետո:
Համաձայն Հյուսիսային Լարսի մաքսատան անձնագրի տվյալների` մեկ օրվա ընթացքում մաքսային սահմանակետից թույլատրելի տրանսպորտային միջոցների և մարդկանց անցանելիության քանակները հետևյալն են`
Բեռնատար` 170
Մարդատար մեքենա` 200
Մարդատար ավտոբուս` 30
Ֆիզիկական անձ`4000
Անցյալ տարի այս օրերին Լարսի մաքսակետում 2-3 օր հերթեր էին գոյացել, և ամեն օր մաքսակետը Ռուսաստանից Վրաստան հատում էր 14 000 մարդ:
Նույնը կատարվում է այս օրերին: Անցակետը 1 օրվա ընթացքում հատում են 600-ից ավել բեռնատար, 2000-ից ավել մարդատար մեքենա, 50-ից ավել մարդատար ավտոբուս, 10 000-ից ավել մարդ:
Սա նշանակում է, որ Լարսի մաքսակետը իր չափանիշներով չի համապատասխանում ներկա պահանջարկին:
Այլընտրանքային ճանապարհ ունենալը արդեն հասունացել է: Հիմա պարզ է դառնում, որ Լարսը չի կարող բավարարել բեռնափոխադրման և մարդկային հոսքի շարժը: Եվ եթե խնդիրը արագ լուծում չստանա, կտուժի ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլ նաև Ռուսաստանի ու Վրաստանի: